artist page
Ալեքսանդր Հարությունյան
Ալեքսանդր Գրիգորի Հարությունյան - Խորհրդային և հայ կոմպոզիտոր և դաշնակահար , Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1977), աշխարհահռչակ հատկապես իր շեփորի կոնցերտով , որը Նյու Յորք Թայմսը նկարագրել է որպես հնչեղ
Հարությունյանը ծնվել է Երևանում Գրիգոր և Էլեոնորա Հարությունյանների ընտանիքում։ Նրա հայրը զինվորական էր։ Վաղ հասակում Ալեքսանդրը հանդիպում է հռչակավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հետ։ 1927 թվականին Հարությունյանը դառնում է Երևանի պետական կոնսերվատորիայի մանկական խմբի անդամ, ապա, տասնչորս տարեկանում նրան թույլատրում են ուսանել կոնսերվատորիայի ստուդիայում՝ Օ. Բաբասյան (դաշնամուր) և Ս. Բարխուդարյան և Վ Տալյան (կոմպոզիցիա)։ Նա ավարտում է Երևանի երաժշտական կոնսերվատորիան Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին։ Ալեքսանդր Հարությունյանը 1941 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական և դաշնամուրի բաժինները, 1946-1948 թվականներին կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տան ստուդիայում։ 1954-1991 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար։ 1970-2008 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1977 թվականից՝ պրոֆեսոր)։
Ալեքսանդր Հարությունյանը Խորհրդային Միության և Հայաստանի հանրապետության կոմպոզիտորների միությունների անդամ էր։
1948 թ. Հայրենիք կանտատի համար նա պարգևատրվել է Ստալինյան մրցանակով , որի վերջին հատվածը գրել էր դեռ Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանող եղած ժամանակ։ Առաջին անգամ այն կատարեց ԽՍՀՄ Ռադիոյի երգչախումբը և նվագախումբը 1948 թվականի նոյեմբերին։
1949 թ. Հարությունյանը գրում է «Տոնական նախերգանք»-ը, որն առաջին անգամ կատարվում է Լենինգրադի ֆիլհարմոնիկի մեծ դահլիճում, Եվգենի Մռավինսկու ղեկավարությամբ։ Մոսկվայի երաժշտական կոնգրեսի ընթացքում Արամ Խաչատրյանը ներկայացնում է նրան որպես խոստումնալից խորհրդային կոմպոզիտոր։ Նա շարունակում է իր ստեղծագործությունների հաղթական երթը հայրենիքում և արտերկրում, որոնցից շատերի համար ոգեշնչման աղբյուր էին հանդիսանում հայկական երաժշտության ազգագարական ավանդույթները։ Հարությունյանի առաջին ծավալուն երկերից են «Հանդիսավոր ձոն և քայլերգ»-ը սիմֆոնիկ նվագախմբի համար և Դաշնամուրի կոնցերտը։ 1940-50-ական թվականներին նրա ստեղծած խոշոր կտավի ստեղծագործություններից են «Հայրենիք» կանտատը, որտեղ սերտորեն միահյուսված են ազգային դասական երաժշտությունը և գեղջկական ու գուսանական երգը, «Տոնական նախերգանքը»՝ նվագախմբի, Կոնցերտը՝ շեփորի և նվագախմբի, «Հայկական ռապսոդիան» (համահեղինակ՝ Առնո Բաբաջանյան)՝ երկու դաշնամուրի, «Մեր հին երգերը» ռապսոդիան՝ դաշնամուրի և նվագախմբի համար, «Հայաստանի պարերը» սիմֆոնիկ սյուիտը և այլն։ Դրամատիզմով հագեցած «Ասք հայ ժողովրդի մասին» քառամաս վոկալ-սիմֆոնիկ պոեմը ժամանակակից հայ երաժշտության արժեքավոր ձեռքբերումներից է։ Հայկական սիմֆոնիզմի զարգացման համար կարևոր նշանակություն է ունեցել Հարությունյանի մոնումենտալ և դրամատիզմով հագեցած Սիմֆոնիան։ Նրա գործերը կատարել են Եվգենի Մռավինսկին , Վալերի Գերգիևը , Օհան Դուրյանը և այլք։
«Սայաթ-Նովա» քնարական-դրամատիկական օպերայում հեղինակն ստեղծագործաբար օգտագործել է մեծ աշուղի մի քանի երգ։ Օպերային բնորոշ են գունագեղ զանգվածային տեսարանները, երաժշտական լեզվի պարզությունը։ Փոքր կտավի երկերից են «Հայրենիքիս հետ» (ըստ Հովհաննես Թումանյանի ) երգ-կանտատը, «Հուշարձան մայրիկիս» (ըստ Հովհաննես Շիրազի ) վոկալ շարքը, դաշնամուրային մանրանվագներ և այլն։ Հարությունյանի ստեղծագործության մեջ առանձնանում են կոնցերտները. գրել է 13 կոնցերտ՝ տարբեր գործիքների (դաշնամուր, գալարափող, տուբա, տրոմբոն, ֆլեյտա և այլն) համար։ Լավագույն գործերից են նաև Սիմֆոնիան՝ երգչախմբի և հարվածային գործիքների, Սիմֆոնիետը՝ լարային նվագախմբի, Թեմա և վարիացիաները՝ շեփորի ու նվագախմբի, Պոեմ՝ թավջութակի և նվագախմբի, Սյուիտը՝ ջութակի, կլառնետի և դաշնամուրի, «Քարավան» պիեսը՝ կլառնետի և էստրադային նվագախմբի համար, գործիքային սոնատները և այլն։ Գրել է նաև խմբերգեր, երգեր։ 1988 թվականին կոմպոզիտորն ստեղծել է հանրահայտ Ջութակի կոնցերտը՝ նվիրված Սպիտակի երկրաշարժին։ Նրա ստեղծագործություններին բնորոշ են մեղեդայնությունը, ճկուն և յուրահատուկ ռիթմը, ազգային վառ կոլորիտը, կառուցվածքի հստակությունը, ինքնատիպ արտահայտչամիջոցները։
Հարությունյանը գրել է երաժշտություն թատրոնի և կինոյի [«Ուրվականները հեռանում են լեռներից» (1955), «Սիրտն է երգում» (համահեղինակ՝ Կոնստանտին Օրբելյան, 1956), «Իմ ընկերոջ մասին» (1958), «Նահապետ» (1977), բոլորը՝ Հայֆիլմ] համար։ Հարությունյանն արժանացել է ԽՍՀՄ (1949 թ.), ՀՀ (1973), Պետական, ՀԽՍՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան (1986) մրցանակների, Ալեքսանդր Ալեքսանդրովի անվան Ոսկե մեդալի (1977, Ռուսաստան), «Օրփեոս» դիպլոմի (1983, ԱՄՆ), ՀՀ Մովսես Խորենացու մեդալի (1998) և ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (2001), Հայ եկեղեցու Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպի (2004) շքանշանների, «Կոմիտաս» հուշամեդալի (2008)։ Գրել է «Հուշեր» (2000) գիրքը։ ։